Ռուսաստանը ուժով ստիպեց Հայաստանին անդամակցել Եվրասիական միությանը: Այդ մասին «Georgia Today»-ին տված հարցազրույցում հայտարարել է Կոլումբիական համալսարանում մարդու իրավունքներին ուսումնասիրման ինստիտուտում խաղաղարարության ու իրավունքների հարցերով ծրագրի տնօրեն, ԱՄՆ-ի Պետքարտուղարությունում արտաքին գործերի նախկին փորձագետ ու ավագ խորհրդական Դեվիդ Ֆիլիփսը:
«Մոսկվան պետք է, որ սպառնացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի հետ համոզի Երեւանի երկար տարիների ընթացքում եվրոպական ինտեգրացմանն նպատակով գործադրած ջանքերից: Կամ Մոսկվան մեծ պարգեւ է առաջարկել, ինչպես օրինակ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը: Ռուսաստանի կողմից սպառնալիքներն ավելի հավանական են, քան պարգեւը»,- նշել է ամերիկացի փորձագետը:
Պատասպանելով այն հարցին, թե արդյոք տրամաբանական է Վրաստանի համար հայացքը դեպի Եվրոպական միություն, Եվրասիական միություն ու ՆԱՏՕ՝ հաշվի առնելով վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունն այն մասին, որ Վրաստանը դիտարկում է Եվրասիական միությունը, սակայն մերձեցումը ԵՄ եւ ՆԱՏՕ-ի հետ առաջնային նշանակություն ունի, ասել է Դեվիդ Ֆիլիփսը. «Այո, հնարավոր է եւ տրամաբանական է միաժամանակ երկուսի դիտարկումը: Իրականում Վրաստանն արդեն ընտրել է Արեւմուտքը: Չնայած դրան, Վրաստանը պետք է խուսափի ագրեսիվ հռետորությունից: Ռուսաստանի հետ բախումը Վրաստանի շահերից չի բխում»:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում սեպտեմբերի 3-ին հայտարարեց որոշում այն մասին, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը եւ այդ ուղղությամբ գործնական քայլեր է ձեռնարկելու, իսկ հետագայում մասնակցելու է Եվրասիական տնտեսական միության ձեւավորմանը: Ի պատասխան Եվրամիությունը հայտարարել էր, որ ԵՄ - ի հետ ասոցացման ու խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի ստորագրումն այսուհետ հարցականի տակ է:





























