Պանամայում հարձակման հետեւանքով վիրավորվել է Ռուսաստանի փոխհյուպատոս Եվգենի Մանիլոն: Հարձակումը կատարվել է մայրաքաղաքում` Միջազգային բիզնես կենտրոնի ավտոկայանատեղիում:
Դիվանագետին ուղեկցում էին երկու մարդ, նրան է մոտեցել մի տղամարդ եւ դանակահարել: Ոստիկանությունը կալանավորել է հարձակվողին, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով Critica-ն: «ՌԻԱ Նովոստին» գրում է, որ կալանավորվածն Ուկրաինայի քաղաքացի է:
Փոխհյուպատոսի վրա հարձակումը կարող էր վրեժ լինել, կարծում է Պանամայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երմակովը:
«Ուկրաինայի քաղաքացին ավելի վաղ դիմել էր Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժին, խնդրել 3-5 հազար դոլար, հավանաբար, թմրանյութերի ազդեցության տակ է եղել, դա կստուգվի», - ասել է Երմակովը: Ուկրաինացին Պանամա էր ժամանել 1,5-2 ամիս առաջ` որպես զբոսաշրջիկ:
Ըստ դեսպանի` վիրահատությունից հետո հիվանդը գիտակցության է եկել, շփվում է հարազատների եւ դեսպանատան աշխատակիցների հետ, նրա առողջությանը ոչինչ չի սպառնում: Միջադեպից հետո ռուսական դեսպանատունը դիմել է տեղի ոստիկանություն եւ ԱԳՆ` խնդրելով ուժեղացնել դիվանագիտական ներկայացուցչություն անվտանգությունը:





























