Մենք ուրախ ենք մայրաքաղաքում հյուրընկալելու Երեւանի առաջին քույր քաղաքի պատվիրակությանը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, «Էրեբունի-Երեւան 2795» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած Իտալիայի Կարրարա քաղաքի քաղաքապետ Անջելո Զուբբանիի եւ Կարրարա քաղաքի քաղաքային խորհրդի նախագահ Լուկա Ռագոնիի հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երեւանի առաջին քույր քաղաքի հետ հանդիպումն առավել քան պարտավորեցնող ու առանձնահատուկ է. «Երեւանի եւ Կարրարայի բարեկամության առաջին հիմնաքարը դրվել է դեռեւս 1962թ.-ին։ Նաեւ այս հանգամանքը հաշվի առնելով, մենք պարտավոր ենք երկու քաղաքների միջեւ էլ ավելի սերտացնել ու զարգացնել հարաբերություններն ու գործնական ընթացք տալ փոխգործակցությանը: Մենք բաց եւ պատրաստակամ ենք փոխշահավետ համագործակցության համար եւ համոզված եմ, որ առաջիկայում երկուստեք մեր հարաբերությունները կդրվեն նոր հիմքի վրա»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Կարրարայի  քաղաքապետ Անջելո Զուբբանին իր հերթին,  շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ Երեւանը եւս վստահելի գործընկեր է Կարրարայի համար եւ համոզմունք է հայտնել, որ առաջիկայում երկու քաղաքների միջեւ հարաբերություններն իսկապես էլ ավելի սերտ ու գործնական կդառնան. «Շատ ուրախ եմ գտնվել դարավոր հարուստ պատմություն ունեցող մայրաքաղաքում, որն արդեն 2795 տարեկան է: Իսկապես կա գործակցության խթանման մեծ ներուժ եւ մենք, հաշվի առնելով նաեւ հայ եւ իտալացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, պետք է նոր թափ հաղորդենք մեր հարաբերություններին»,- նշել է Անջելո Զուբբանին, ավելացնելով, որ տպավորված է Երեւանի տոնական հանդերձանքով ու ընդգծել է, որ պատրաստվում է ներկա գտնվել տոնական բոլոր միջոցառումներին, ընդ որում, ոչ թե որպես հյուր, այլ լիարժեք մասնակից:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի եւ երկուստեք բարեկամությունը խորացնելու պատրաստակամության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է հյուրերին լիարժեք վայելել 2795-ամյա Երեւանի ջերմությունն ու հյուրընկալությունը: