Ֆրանսիայում, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ուժի մեջ է մտել «Քաղաքականության թափանցիկության մասին» օրենքը: Այն առաջատար քաղաքական գործիչներին (նախարարներ, պատգամավորներ, սենատորներ, մի շարք պաշտոնյաներ, տեղի վարչակազմերի ղեկավարներ) պարտադրում է հրապարակավ եկամուտների եւ իրենց ունեցած անշարժ գույքի  վերաբերյալ հայտարարագիր ներկայացնել: Բացի այդ, խորհրդարանի անդամներն ու նախարարները պետք է հայտնեն իրենց ֆինանսական աղբյուրների մասին:

Հայտարարագրում այդ կատեգորիայի մարդիկ (Ֆրանսիայում նրանց թիվը մոտ 8 հազար է) պետք է ներկայացնեն իրենց կանանց (կամ ամուսինների) գործունեության տեսակը: Օրենքը վերաբերում է նաեւ նախագահի թեկնածուների ունեցվածքին:

Մինչ օրս Ֆրանսիան այն քիչ ժողովրդավարական երկրներից էր, որտեղ ժողովրդի ընտրյալները պարտավոր չէին պարզաբանել, թե որտեղից են իրենց եկամուտները: Դրա համար հիմք էր ընդունվում անձնական կյանքի անձեռնմխելիության սկզբունքի պահպանումը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Այս օրենքի նախաձեռնողը երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդն է: