Մոսկվայում կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը: Ինչպես NEWS.am-ին հայտնում են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, ջերմ եւ անմիջական զրույցի ընթացքում քննարկվեցին մի շարք երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:

Նախարարներ Նալբանդյանն ու Լավրովը հանգամանալից զրույց են ունեցել մադրիդյան առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ: Երկուստեք նշվել է, որ հակամարտության խաղաղ հանգուցալուծումը այլընտրանք չունի:

Մոսկվայում Էդվարդ Նալբանդյանն այցելել է Հայաստանի դեսպանություն, ուր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել դեսպանության աշխատակիցների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրները եւ համապատասխան հանձնարարականներ են տրվել Ռուսաստանի հետ դաշնակցային փոխհարաբերությունների առավել խորացման եւ ամրապնդման վերաբերյալ:

Նշենք, որ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը Մոսկվա է մեկնել մարտի 25-ին՝ մասնակցելու ՀԱՊԿ եւ ԱՊՀ պետությունների արտգործնախարարների խորհուրդների նիստերին: