Եթե ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան փորձեն ապակայունացնել քաղաքական իրավիճակը ԿԺԴՀ-ում, նրանց «աննախադեպ միջուկային հարվածներ են սպասվում»: Այդ մասին, ինչպես հաղորդում է Associated Press-ը, ասված է հյուսիսկորեական ռազմական հրամանատարության հայտարարության մեջ, որ տարածվել է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալության կողմից:

Հայտարարության մեջ նշված է, որ Կորեական ժողովրդական բանակը կօգտագործի իր ողջ պոտենցիալը, ներառյալ զսպման ատոմային ուժերը, «ամերիկյան իմպերիալիստների եւ նրանց կորեական խամաճիկների՝ ԿԺԴՀ-ում իրավիճակը ապակայունացնելու փորձերի դեպքում»:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ԿԺԲ գլխավոր շտաբը, երկրի ժողովուրդն ու բանակը «զգոն հետեւում են իրավիճակի զարգացմանը»:

Փհենյանի կողմից նման կտրուկ արձագանքի պատճառը հարավկորեական ԶԼՄ-ների տարածած տեղկեություններն էին, թե Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը ծրագիր են մշակել կանխելու ԿԺԴՀ կողմից հնարավոր ռազմական ագրեսիան: