Լրագրող Գլեն Գրինվալդը, որը Էդվարդ Սնոուդենի բացահայտումների հիման վրա հոդվածաշար էր հրապարակել, հեռանում է բրիտանական The Guardian թերթից: Գրինվալդը հոկտեմբերի 15-ին հայտնել է, որ նոր աշխատանքի առաջարկ է ստացել, եւ որ լրագրողի կարիերայում նմանատիպ առաջարկները եզակի են լինում:
Գրինվալդը միաժամանակ նշել է, որ The Guardian-ի հետ համագործակցությունը եղել է արգասաբեր եւ արդյունավետ եւ նման որոշում հեշտ չի կայացրել: The Guardian-ի ներկայացուցիչներն իրենց հերթին նշել են, որ վշտացած են Գրինվալդի հեռանալու համար, սակայն հասկանում են նոր դերում ուժերը փորձելու նրա ձգտումները եւ ամենալավն ու բարին են ցանկանում նրան, հայտնում է lenta.ru-ն:
Գրինվալդն առայժմ հրաժարվել է տվյալներ հայտնել իր նոր աշխատավայրի մասին:
Reuters-ն իր աղբյուրները վկայակոչելով հայտնում է, որ Գրինվալդն այժմ զբաղվում է մեդիանախագծով, որը ֆինանսավորում է eBay-ի հիմնադիր Պիեռ Օմիդյարը:
Մշտապես Բրազիլիայում բնակվող Գլեն Գրինվալդը 2013թ. ամռանը The Guardian-ի համար հոդվածաշար էր գրել հատուկ ծառայությունների աշխատաոճի մասին՝ հիմնվելով ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերի վրա:





























