Հայաստանի արդարադատության նախարարությունն ու Վճռաբեկ դատարանը արձագանքել են Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) կողմից մարտիմեկյան գործերով դատավարությունների վերաբերյալ վերջին զեկույցին` ներկայացնելով շուրջ 30 էջանոց առարկություններ:
Այդ առարկություններում մասնավորապես նշվում է, որ զեկույցում «առանձին դատավարական բացթողումներ ներկայացված են որպես ընդհանուր օրինաչափություններ: Տեղ գտած առանձին դրույթներ կարող են լինել դիտարկումն իրականացնող անձանց սուբյեկտիվ ընկալման արդյունք, եւ զետեղված գրեթե բոլոր օրինակները չեն պարունակում բավարար տվյալներ` համապատասխան եզրահանգումներ անելու համար»: Նաեւ «սոսկ ենթադրությունների վրա» հիմնված է համարվում զեկույցում ամրագրված այն դիտարկումը, թե «դատավորները հիմք են ընդունել վկաների ցուցմունքներ, որոնք ենթադրաբար ստացվել են ճնշումների ներքո»:
Արդարադատության նախարարությունն առարկում է նաեւ, թե քննության ընթացքում անձանց խոշտանգումների են ենթարկել: «Բռնությունների վերաբերյալ հնչեցված բազմաթիվ հայտարարությունները հետապնդել են զանգվածային բռնությունների մասին պատրանք ստեղծելու միտում», — նշում է նախարարությունը՝ հավելելով, որ բռնություն կիրառվել է միայն բերման ենթարկելիս, քանի որ այդ անձինք դիմադրություն են ցույց տվել:
Ինչ վերաբերում է նրան, որ մարտիմեկյան գործերով նախաքննության ընթացքում բոլոր կասկածյալներին անխտիր կալանավորել են, եւ խախտվել է անձի ազատության իրավունքն ու անմեղության կանխավարկածը, նախարարությունը նշում է, որ եթե չկալանավորեին, ապա «մեծ էր հավանականությունը, որ նրանք կպայմանավորվեին համախոհների հետ` քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով»:
Իսկ Վճռաբեկ դատարանն էլ նշել է. «Դատարանների կողմից մեղադրական թեքում ունենալու, անկողմնակալ վերաբերմունք չդրսեւորելու վերաբերյալ զեկույցի հետեւությունների հետ մեծ հաշվով դժվար է համաձայնել։ Դատարաները գործել են իրենց լիազորությունների շրջանակներում` կայացնելով ե'ւ արդարացնող, ե'ւ մեղադրող դատական ակտեր»: Ինչ վերաբերում է մեծ մասամբ միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա մարդկանց դատապարտելու վերաբերյալ՝ միջազգային փորձագետների դիտարկմանը, առարկություններում նշվում է, թե ուսումնասիրված որեւէ գործով որեւէ մեկը չի դատապարտվել բացառապես ոստիկանի ցուցմունքի հիման վրա, բոլոր գործերով էլ առկա են եղել այլ ապացույցներ։
Իսկ դատարանների կողմից երբեմն անվայելուչ, անտակտ ու կոպիտ դիտողությունների մասով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտարկումներին ի պատասխան, նախարարությունը նշում է, թե «եզրակացություններ անելիս հեղինակները անհարկի ընդհանրացումներ են արել», այնինչ մարտիմեկյան գործերով դատավարություններն ընթացել են ոչ սովորական իրավիճակում, երբ փորձ է արվել «դատավարությունները վերածելու յուրահատուկ քաղաքական բնույթի հրապարակային միջոցառումների», ուստի դատավորներն ու դատական կարգադրիչները կիրառել են դատավարության մասնակիցների անվտանգությունը երաշխավորող գործուն միջոցներ":
Այս առնչությամբ, այդ դատավարություններին ներկա եղած իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ, որ միջազգային դիտորդների գնահատականներն ավելի մեղմ են եղել: «Բոլորի աչքի առաջ է եղել, թե ինչպես են նրանք առեւանգել դատարանի դահլիճից վկաներին: Մեր բոլորի աչքի առաջ են եղել ծեծված վիճակում, խոշտանգված վիճակում առեւանգվածները: Մենք տեսել ենք՝ ինչ ցուցմունքներ եւ ինչ կարգի մեղադրանքներ են եղել դատարաններում: Այդ ամեն ինչը եղել է մեր աչքի առաջ, ու հիմա, ասենք, ամբողջ աշխարհին եւ այդ թվում մեզ համարել կույր եւ տալ իրենց այս ամեն ինչը մերժող, գողականությանը վայել պատասխանը, ծիծաղելի է», — նշել է Հարությունյանը:



























