Շատ մարդիկ հիվանդ վիճակում աշխատավայր են այցելում, այնինչ նրանց անհրաժեշտ է տանը պառկել: Նման տեսակետի է հանգել միկրոկենսաբան Չարլզ Գերբան, ով ընդգծել է, որ վտանգավոր է աշխատավայր այցելելը, եթե նույնիսկ մարդը դեռ նոր հիվանդանում է, գրում է The Daily Mail-ը:
Հիվանդությունն առավել վարակիչ է դառնում, երբ նկատվում են մրսածության ախտանշանները: Բաի այդ, նման վիճակում աշխատելը կարող է էլ ավելի խորացնել հիվանդությունը: Պարզապես պետք է ժամանակին կանգ առնել, հանգստանալ, նշել է Քալիֆորնիայի համալսարանի բժշկական դպրոցի գիտնական Քեթրին Քամինսը: Նրա խոսքով՝ կարելի է մեկ օր աշխատանքի չգնալ, որպեսզի հետո մարդը ստիպված չլինի մի քանի օր պառկել: Նաեւ հիվանդ մարդու աշխատանքն ավելի քիչ արդյունավետ է, հաղորդում է MedDaily.ru-ն:
Արիզոնայի համալսարանում էլ պարզել են, որ մեկ հիվանդ մարդը աշխատավայրում անցկացնելով 4 ժամ կարող է վարակ թողնել գրասենյակում գտնվող առարկաների կեսի մակերեւույթին, որոնց հետ ավելի շատ է շփվում (հեռախոսներ, սեղանին դրված իրեր, ափսեներ, դռների բռնակներ, գրիչներ, վերելակի կոճակներ, պատճենահանող եւ այլ սարքեր, սառնարան):
Վիրուսները կարող են ապրել մի քանի ժամից մինչեւ մեկ ամիս:
Բժիշկները խորհուրդ են տալիս առավել հաճախ լվանալ ձեռքերը եւ չորացնել թղթե սրբիչով:





























