Բրիտանիայում յուրաքանչյուր 5-րդը զուգարանից դուրս գալուց հետո չի լվանում ձեռքերը: 10 տոկոսը պարզապես ջրի տակ է մտցնում ձեռքերը, իսկ 40 տոկոսն իր ձեռքերը լվանում է 10 վայրկյանից էլ պակաս: Այսպիսին են բրիտանացի մասնագետների հետազոտության արդյունքները: Նրանք նաեւ պարզել են, որ բրիտանացիները օրական ձեռքերը լվանում են 3-5 անգամ (նախընտրելին 8-10 անգամ է), գրում է The Daily Mail-ը:
Առավել վատ իրենց հիգիենային հետեւում են տղամարդիկ. նրանք երկու անգամ ավելի քիչ են օճառ օգտագործում: Միաժամանակ, յուրաքանչյուր 10-րդը նախընտրում է խուսափել հասարակական տրանսպորտից՝ վախենալով միկրոբներից: Մարդիկ նաեւ վախենում են հասարակական զուգարաններից, դռների բռնակներից եւ զուգարաններում ջրի կոճակից, հաղորդում է MedDaily.ru-ն:
Իսկ ահա գրասենյակային աշխատողների 10 տոկոսը զուգարանում հեռախոսների միջոցով օգտվում է համացանցից:
Մասնագետները խորհուրդ են տալիս ձեռքերը լվանալ տաք ջրով եւ օճառով կամ հակաբակտերիալ միջոցներով, առնվազն 20 վայրկյան: Բայց սովորաբար մարդիկ այդ ժամանակը կրճատում են 50 տոկոսով: Միջին վիճակագրական քաղաքացու ձեռքերի վրա կա ավելի քան 10 մլն բակտերիա:





























