Ֆրանսիական վարժարանների հազարավոր սովորողներ հոկտեմբերի 17-ին Փարիզի փողոցներ են դուրս եկել՝ ընդդիմանալու Կոսովոյից ուսանող Լեոնարդա Դիբիրյանի արտաքսմանը, որին հանձնել են ոստիկանությանը, ինչպես նաեւ Հայաստանից 19-ամյա  ուսանող Խաչիկ Խաչատրյանի արտաքսմանը: Այդ մասին գրում է ֆրանսիական «Le Monde»-ն:

Ռեկտորատի ու արհմիության ներկայացուցիչների խոսքով, նվազագույնը 14 լիցեյներում հուզումներ են եղել, իսկ 4-ը առավոտյան բոլորովին արգելափակված էին: Թերթի հաշվարկների համաձայն, որոնք հիմնված են ուսանողների կողմից հրապարակված տեսագրությունների ու լուսանկարների վրա, շարժումը տարածվել է 20 հաստատությունների տարածքում:

Երթ մասնակիցները, որոնց թիվն ըստ վարժարանների արհմիությունների, հասնում է 7000-ի, իսկ ըստ Փարիզի ոստիկանության՝ 2500-ի, ռեկտորատի շենքից շարժվել են դեպի Փարիզի ներքին գործերի նախարարություն՝ հայտարարելով նախարար Մանուել Վալսի դեմ ուղղված կոչեր՝ «Խաչիկին՝ Ֆրանսիա, Վալսին՝ Հայաստան», կամ «Վա՛լս, հեռացի՛ր»:

Ցուցարարները կեսօրից հետո ժամանել են Սենտ-Օգյուստենի հրապարակ, որը կից  է նախարարությանը, այնուհետ խաղաղ ցրվել են: Մինչ այդ ոստիկանությունը առավել ակտիվ ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ: Հավաքներ եղել են նաեւ մայրաքաղաքի սահմաններից դուրս: Մանդում ցուցարարների թիվը հասնում էր 100-ի: Ավինյոնում սովորողները ծրագրել էին այցելել վարժարաններ ու թռուցիկներ տարածել՝ կոչ անելով գործել: Գրենբոլում վարժարաններից մեկն առավոտից փակ էր:

«Մենք կոչ չենք անում հետ բերել արտաքսված սովորողներին: Անթույլատրելի է, որ ձախերի կառավարության օրոք վարժարան մտնելուց առաջ պետք է փաստաթուղթ ներկայացնել: Յուրաքանչյուրը կրթության իրավունք ունի»,- հայտնել է լիցեյների արհմիության մամուլի քարտուղար Ստիվեն Նասիրին:

Այն ժամանակ, երբ շաբաթվա սկզբից Լեոնարդա Դիբիրյանը գործը լայնորեն քննարկվում է լրատվամիջոցներում, Խաչիկ Խաչատրյանի գործը ուշադրությունից դուրս էր: Լիցեյի 19-ամյա ուսանողը արտաքսվել է Հայաստան, որտեղ նա պետք է նոյեմբերի սկզբից անցնի պարտադիր զինվորական ծառայության: «Կրթություն առանց սահմանների» ցանցի համաձայն՝ Խաչիկ Խաչատրյանը հինգերորդ չափահաս ուսանողն է, որին ձախերի կառավարության օրոք հեռացնում են լիցեյից: