Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է «պերինատալ  դաստիարակության եւ կրծքով կերակրմանն աջակցող  «Ռոժանա» կենտրոնի հիմնադիր Ժաննա Ցարեգրադսկայային, որին կասկածում են երիտասարդ մայրերի աղանդի ստեղծման մեջ։ Առայժմ նա ազատության մեջ է՝ չբացակայելու ստորագրությամբ։ Կասկածյալին մինչեւ յոթ տարվա ազատազրկում է սպառնում, եթե նրան երկու հոդվածներով մեղավոր ճանաչեն։ Ձերբակալվելիս Ցարեգրադսկայան անգամ փորձել է ձեւացնել, թե կորցրել է գիտակցությունը, սակայն բժիշկները չեն հավատացել, հայտնում է NEWSru.com-ը։

Ցարեգրադսկայային մեղադրում են «քաղաքացիների անձը եւ իրավունքները ոտնահարող ոչ առեւտրային կազմակերպության ստեղծման» եւ «ատելության ու թշնամանքի սերմանման մեջ»։

Ցարեգրադսկայան սեմինարներ եւ թրեյնինգներ է անցկացրել՝ ապագա մայրերին համոզելով հրաժարվել կանացի կոնսուլտացիաներից, բուժզննումներից եւ ծննդաբերել տանը՝ կենտրոնի մասնագետների օգնությամբ։ Կազմակերպությունում նաեւ քարոզել են հրաժարվել կրթություն ստանալուց, աշխատելուց եւ բանակում ծառայելուց։