Ֆրանսիայի մայրաքաղաքից արտաքսված 19-ամյա Խաչիկ Խաչատրյանը, ում համար Փարիզում օրեր շարունակ բողոքի ցույցեր էին կազմակերպվում, դեկտեմբերին պետք է մեկնի բանակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչիկ Խաչատրյանը:
Նա պատմեց, որ 16 տարեկան էր, երբ ընտանիքով մեկնել էին Փարիզ, որտեղ արդեն հասցրել է 2,5 տարի հաճախել 18-րդ շրջանում գտնվող դպրոցը: Խաչիկը Ֆրանսիայում ազգականներ չունի, մեկնել էին Հայաստանից սոցիալական վատ վիճակի պատճառով, երիտասարդը վստահեցնում է, որ ամենեւին էլ բանակից խուսափելու նպատակ չի ունեցել: Այժմ Փարիզում ապրում են նրա մայրը, հայրը եւ քույրը, ընտանիքում ոչ ոք չի աշխատում, մայրը հիվանդ է, քույրը դպրոց է գնում, «օգնություններ ենք ստանում տարբեր տեղերից, դրանով յոլա ենք գնում»:
«Այնտեղ տղաներով զբոսնում էինք, մեզ ոստիկանները մոտեցան, երկու ընկերներս ժամանակավոր ապրելու թուղթ ունեին, ես չունեի, առանց այդ իրավունքի մնում էի այդտեղ, բայց ես փետրվարին պետք է դիմեի, որպեսզի քաղաքացիություն ստանայի, էն էլ չհասցրեցին, տարան բաժին, կամպյուտերով նայեցին, տեսան, որ այնտեղ ապրելու իրավունք չունեմ, երեւի իմացան, որ բանակի համար ռոզիսկի տակ եմ, հետո շատ դժվար ձեւով բերեցին Հայաստան, ոտներս, ձեռներս կապեցին, որ չփախչեմ: Ուղարկեցին Հայաստան, մի քանի օր մնացի Վեդիի զինկոմիսարիատում, այնուհետեւ գնացի գյուղ՝ տատիկի եւ պապիկի մոտ»,-պատմեց երիտասարդը:
Հարցին, թե բանակ ցանկանում եք գնալ, Փարիզից արտաքսված երիտասարդը պատասխանեց. «Այդքան ապրումներից հետո բանակում ինչպե՞ս պիտի ծառայեմ, անչափահաս գնացել եմ էնտեղ, հիմա էդքան ներվայնացած, չգիտեմ բանակ ի՞նչ ձեւի կարամ ես ծառայեմ»:
Բանակում ծառայելուց հետո Խաչիկ Խաչատրյանը մտադիր է անպայման վերադառնալ Փարիզ՝ ուսումը շարունակելու, չի ցանկանում մնալ այստեղ, «Փարիզը ինձ դուր է գալիս, այնտեղ են ծնողներս»: Ծնողները նրան բանակ ճանապարհելիս չեն գա Հայաստան, այնտեղ պետք է քաղաքացիություն ստանան:
Խաչիկն այժմ կապի մեջ է ընկերների, ուսուցիչների հետ, տեղյակ է իր համար կազմակերպվող բողոքի ակցիաներից, «Փարիզի քաղաքապետն էլ ինձ մինչեւ հիմա հետ է պահանջում»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին եւ 18-ին Փարիզի փողոցներ են դուրս եկել՝ ընդդիմանալու Կոսովոյից ուսանող Լեոնարդա Դիբիրյանի արտաքսմանը, որին հանձնել են ոստիկանությանը, ինչպես նաեւ Հայաստանից 19-ամյա ուսանող Խաչիկ Խաչատրյանի արտաքսմանը: Երթ մասնակիցները հայտարարում էին Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսի դեմ ուղղված կոչեր՝ «Խաչիկին՝ Ֆրանսիա, Վալսին՝ Հայաստան», կամ «Վա՛լս, հեռացի՛ր»:
Այն ժամանակ, երբ շաբաթվա սկզբից Լեոնարդա Դիբիրյանը գործը լայնորեն քննարկվում է լրատվամիջոցներում, Խաչիկ Խաչատրյանի գործը ուշադրությունից դուրս էր: Լիցեյի 19-ամյա ուսանողը արտաքսվել է Հայաստան, որտեղ նա պետք է նոյեմբերի սկզբից անցնի պարտադիր զինվորական ծառայության:«Կրթություն առանց սահմանների» ցանցի համաձայն՝ Խաչիկ Խաչատրյանը հինգերորդ չափահաս ուսանողն է, որին ձախերի կառավարության օրոք հեռացնում են լիցեյից:
Ուսումնական հաստատությունների արհմիությունների ազգային միության գլխավոր տնօրեն Դանտե Բասսինոյի խոսքով՝ Հայաստան վերադառնալիս Խաչիկ Խաչատրյանին մի քանի ժամ ոստիակնները պահել են օդանավակայանում, որից հետո երեք օր մնացել էր հայրենի գյուղի ոստիկանական բաժանմունքում, ինչից հետո նրան դատական վերահսկողության ներքո ազատ են արձակել: Օգոստոսի 6-ի օրակարգի համաձայն՝ նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար:





























