Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է պաշտոնական այցով Երեւան ժամանած Մարսելի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրերին, Տարոն Մարգարյանը  մեկ անգամ եւս շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար եւ ընդգծելով հայ–ֆրանսիական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը, կարեւորել է Երեւանի ու Մարսելի միջեւ բարեկամական եւ գործընկերային հարաբերությունների զարգացումը, որոնք հիմնված են երկու երկրների եւ ժողովուրդների բարեկամության վրա: Քաղաքապետը նաեւ վստահություն է հայտնել, որ այցի շրջանակում ստորագրվելիք նոր թարմացված համաձայնագիրը էլ ավելի կնպաստի կոնկրետ ոլորտներում երկու համայնքների միջեւ ներկայիս համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը։

«Մարսելի հետ մեր երկարամյա համագործակցությունն արդեն ամուր հիմքերի վրա է դրված, ինչի մասին փաստում են նաեւ մեր փոխայցերը: Օրեր առաջ Վալանսում Հայ–ֆրանսիական 2-րդ ապակենտրոնացված համաժողովի ընթացքում գոհունակությամբ արձանագրեցի, որ Մարսելի հետ մեր համագործակցության ձեւաչափը հաջողված ու հեռանկարային է։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նաեւ Մարսելի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող աջակցության եւ ուշադրության համար, ինչը մեզ համար շատ կարեւոր է: 2012-ին մեր երկու քաղաքների բարեկամության եւ համագործակցության 20-րդ տարեդարձի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Մարսել կատարած մեր այցի ընթացքում տպավորված էինք Ձեր քաղաքով եւ ջերմ ընդունելությամբ: Վստահ եմ, որ Դուք եւս Երեւանից Մարսել կվերադառնաք լավ տպավորություններով»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենն իր հերթին նշել է, որ երկու քաղաքների հարաբերությունների հետագա զարգացմանը մեծապես կնպաստեն նաեւ այս օրերի պաշտոնական այցն ու դրա շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Երեւանը մեր լավագույն գործընկերն է, եւ մեզ համար իսկապես կարեւոր է համագործակցության ընդլայնումը:  Սրտանց ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Ի դեպ, այսօր արդեն հասցրել եմ շրջել Երեւանում եւ պետք է հաճույքով արձանագրեմ, որ հնամյա պատմությամբ Ձեր իսկապես շատ գեղեցիկ քաղաքը, իրոք հաճելի տպավորություն է թողնում: Իմ նախորդ այցից հետո Երեւանը շատ է փոխվել ու փոխվել է դեպի լավը: Այն այսօր զարգացած քաղաք է, ու այդ ամենում ես տեսա հենց Ձեր սրտացավությունն ու ջանքերը, պարոն քաղաքապետ, ինչի համար եւ՛ շնորհավորում եմ, եւ՛ շնորհակալ եմ»,-նշել է Ժան-Կլոդ Գոդենը եւ հավելել, որ ստորագրվելիք համագործակցության նոր համաձայնագիրը հնարավորություն կընձեռի էլ ավելի խորացնելու եւ ամրապնդելու երկու քաղաքների գործընկերային հարաբերությունները: