Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը ստորագրել են Երեւան-Մարսել համագործակցության համաձայնագիր, համաձայն որի կողմերը պարտավորվել են խորացնել եւ ամրապնդել հարաբերությունները: Սույն համաձայնագրի ստորագրումն, ըստ էության, դեռեւս 1992թ-ին ստորագրված ու 2001 եւ 2007թթ-ին վերակնքված համագործակցության համաձայնագրի շարունակականության ապահովման նպատակ ունի:  

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե ստորագրված համաձայնագրով երկու քաղաքների միջեւ կիրականացվի տեղեկատվության եւ փորձի փոխանակում այն ոլորտներում, որոնք յուրաքանչյուր քաղաքի զարգացման գործընթացում ունեն կարեւորագույն ազդեցություն: Մասնավորապես, կյանքի կկոչվեն փոխշահավետ ծրագրեր՝ մշակույթի, տնտեսության եւ զբոսաշրջության, կրթության, սոցիալական, առողջապահության, ինժեներական եւ քաղաքաշինության կառավարման, ինչպես նաեւ մի շարք այլ ոլորտներում: 

Ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո, Երեւանի եւ Մարսելի քաղաքապետերը պատասխանել են լրագրողների հարցերին:

«Այսօր մենք այստեղ ենք Երեւանի քաղաքապետի հրավերով եւ շատ ուրախ եմ լինել Երեւանում: Մեր պատվիրակության անդամները տարբեր բնագավառների ներկայացուցիչներ են եւ մենք բոլորս մեծ ուրախությամբ ենք եկել Երեւան: Այսօր մենք ստորագրեցինք համագործակցության նոր համաձայնագիր, որով նոր սկիզբ կդնենք նաեւ մեր փոխգործակցությանն ու էլ ավելի  կսերտացնենք մեր երկու ժողովուրդների միջեւ առկա բարեկամությանը»,- նշել է Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ համոզմունք է հայտնել, որ ստորագրված համաձայնագրի շրջանակում, կարճ ժամանակ անց կողմերը հպարտությամբ կներկայացնեն համագործակցության նոր արդյունքները. «Ստորագրված համաձայնագրով մենք թարմացրեցինք երկու քաղաքների միջեւ առկա փոխգործակցության ոլորտները: Արդեն 21 տարի է ինչ Երեւանն ու Մարսելը համագործակցում են եւ արդեն ունենք արդյունքներ ոչ միայն խոսքերով, այլեւ փաստերով: Երկու քաղաքներն ունեն մեծ ձեռքբերումներ եւ ես վստահ եմ, որ այս համաձայնագրի շնորհիվ մենք կկարողանանք էլ ավելի ընդլյանել համագործակցության շրջանակաները, ինչն իր հերթին օգտակար կլինի նաեւ երկու քաղաքաների բնակիչների համար: Օգտվելով առիթից, ուզում եմ այս համագործակցության համար շնորհակալություն հայտնել Մարսելի մեր հայ համայնքին, որն իր մեծ դերակատարումն ունի երկու քաղաքների միջեւ ձեւավորված գործընկերային հարաբերությունների զարգացման գործում: Այս համաձայնագրով ավելի կամրապնդվի նաեւ երկու ժողովուրդների միջեւ առկա դարավոր բարեկամությունը եւ մենք կկարողանանք կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք նախանշել ենք»,- ընդգծել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: