Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 24-ին մասնակցել է Մինսկում կայացած ԱՊՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Խորհրդի օրակարգը ներառում էր մեկ տասնյակից ավելի հարցեր՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք ԱՊՀ գագաթաժողովին ԱՊՀ պետությունների ղեկավարների քննարկմանը ներկայացվելիք փաստաթղթերի եւ ԱՊՀ ձեւաչափում իրականացվող բազմակողմ համագործակցության վերաբերյալ:

ԱՊՀ երկրների արտգործնախարարների կողմից հավանության արժանացան 2015 թվականը ԱՊՀ-ում Հայրենական մեծ պատերազմի վետերանների տարի հայտարարելու եւ 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնակատարությունների նախապատրաստմանն ուղղված հիմնական միջոցառումների ծրագիրը:

Նախարարների խորհրդում անդրադարձ եղավ իրավապահ մարմինների միջեւ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերին: Մասնավորապես քննարկվեցին կոռուպցիայի դեմ պայքարի միջպետական խորհրդի ստեղծման մասին համաձայնագրի, ինչպես նաեւ մարդկանց առեւտրի, հանցավորության, թմրամիջոցների եւ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության համատեղ միջոցառումների միջպետական ծրագրերի նախագծերը:

Արտգործնախարարների խորհրդի կողմից հավանություն տրվեց մինչեւ 2020 թվականը զբոսաշրջության բնագավառում համագործակցության Ռազմավարության նախագծին, որտեղ ամփոփված են զբոսաշրջության բնագավառում համագործակցության հիմնական ուղղություններն ու նպատակները, Համագործակցության միասնական տարածք ձեւավորելու մեխանիզմները:

Նիստի ընթացքում քննարկվեցին «2014 թվականին Ղազախստանի Հանրապետությունում (Ալմաթի) եւ Ղրղզական Հանրապետությունում (Օշ) քաղաքները «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի իրականացման մասին» որոշումների նախագծերը: