Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մինսկում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով՝ Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուկրաինայի նախագահների մասնակցությամբ նիստին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստում քննարկման է ներկայացվել Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի Հանրապետության անդամակցության նախապատրաստման վերաբերյալ երեք փաստաթուղթ, որոնք հաստատվել են:
Դրանք են Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու մասին որոշման նախագիծը, Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին Հայաստանի մասնակցության մասին հայտարարությունն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ փոխգործակցության խորացման մասին հուշագիրը:





























