Ավստրիան պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի պաշտպանության նախարարության հետ բարեփոխումներին առնչվող մի շարք ոլորտներում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ-ում Ավստրիայի դեսպան Ալոիս Կրաուտը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ-ում Ասվտրիայի պատվո հյուպատոս Արամ Մարությանը եւ ՀՀ-ում Ավստրիայի դեսպանության ռազմական կցորդ Հելմուտ Ֆելները:
Ողջունելով հյուրերին` Սեյրան Օհանյանը շնորհավորել է ավստրիական կողմին եւ հաջողություններ է մաղթել ավստրիացի ժողովրդին ազգային տոնի` Չեզոքության հայտարարման օրվա կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Սեյրանը Օհանյանը նշել է, որ թեեւ պաշտպանության բնագավառում հայ-ավստրիական համագործակցությունն այդքան էլ ակտիվ չէ, սակայն կան իրական հեռանկարներ հաջորդ տարվա ընթացքում ինչպես Ավստրիայի պաշտպանության եւ սպորտի նախարարության, այնպես էլ Ավստրիական զարգացման գործակալության հետ մի շարք ոլորտներում համագործակցություն հաստատելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:





























