Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է Հունաստանի պաշտպանության նախարար Դմիտրիս Ավրամոպուլոսին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրին, արտգործնախարար Նալբանդյանը նշել է, որ երկու երկրները կապված են բազմաթիվ պատմական եւ մշակութային առնչություններով եւ Հայաստանը մեծապես կարեւորում է ավանդական բարեկամ երկրի՝ Հունաստանի հետ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը:

Արտգործնախարարը հավելել է, որ ջերմությամբ է հիշում այս տարվա մարտին իր պաշտոնական այցելությունը Աթենք եւ հանդիպումը Դմիտրիս Ավրամոպուլոսի հետ որպես Հունաստանի ԱԳ նախարար ու գոհունակությամբ նշեց, որ այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն արդեն կյանքի են կոչվում: 

Հունաստանի պաշտպանության նախարարը ընդգծել է, որ շատ բարձր է գնահատում փոխադարձ վստահության վրա հիմնված հայ-հունական միջպետական փոխհարաբերությունները։ Նա ասաց, որ պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ հայ եւ հույն ժողովուրդները միասնաբար պայքարել են օտարերկրյա նվաճողների դեմ։ 

Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ քաղաքական եւ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։

Նախարար Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը: