Հայաստանի պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հրավերով ս.թ. հոկտեմբերի 28-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած պաշտոնական դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել առանձնազրույց երկու երկրների պաշտպանության նախարարների միջեւ, այնուհետեւ` հանդիպում ընդլայնված կազմով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական երկկողմ ռազմական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Կողմերը երկուստեք բարձր են գնահատել Հայաստանի եւ Հունաստանի պաշտպանական գերատեսչությունների միջեւ առկա համագործակցության բարձր մակարդակը, ինչի խոսուն վկայությունն է գրեթե ամբողջությամբ իրականացված երկկողմ ռազմական համագործակցության 2013թ. ծրագիրը եւ Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետի ու պաշտպանության նախարարի իրար հաջորդող այցերը Հայաստան:

Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաեւ Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: