NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Վարդենիսում տեղի ունեցած խոշոր վթարից:

Ոստիկանության Վարդենիսի բաժնից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ վթարի հետեւանքով տուժած անձանց Վարդենիսի զինվորական հոսպիտալից տեղափոխել են Երեւան, նրանցից միայն մեկի վիճակը ծանր է:

Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել  37-ամյա Վահան Ռուբենի Մարտիրոսյանը,  37-ամյա  Արտակ Սամվելի Նանյանը, 28-ամյա Արտյոմ Մեսրոպի Կարապետյանը, 36-ամյա Արման Ռուբիկի Ալոյանը:

Ոստիկանությունից հայտնեցին նաեւ, որ վթարի հետեւանքով մահացած Վահե Մարտիրոսյանը եւ վիրավոր Վահան Մարտիրոսյանը եղբայրներ են, նրանք Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի ազգականներն են:

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Հայտրանս» ավտոկայանի մոտակայքում, հոկտեմբերի 29-ի ուշ երեկոյան, տեղի է ունեցել ավտովթար, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Նիսսան Պայդֆայնդեր» մակնիշի 01 VA 010 համարանիշի ավտոմեքենան բարձրացել է կուտակված ավազաթմբի վրա եւ գլխիվայր շրջվել: Վթարի հետեւանքով վարորդը եւ 4 ուղեւորները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիս քաղաքի զինվորական հոսպիտալ, որտեղ 36-ամյա Վահե Մ.-ն մահացել է: