Հայաստանը չպետք է անդամակցի այնպիսի հեղինակավոր կառույցի, ինչպիսին է Մաքսային միությունը: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի գործատուների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը; Նրա կարծիքով՝ Հայաստանի առաջնային նպատակային գործընկերը պետք է լինի Եվրամիությունը՝ իր որակի ստանդարտներով ու բիզնեսի մշակույթով:
«Ակնհայտ է, որ Մաքսային միությունը հիմնվում է միայն Ռուսաստանի վրա, քանի որ Բելառուսը մեր արտաքին առեւտրում զբաղեցնում է 0,8 տոկոս, Ղազախստանը՝ 0,2: Իսկ թե ինչպիսի բիզնես պրակտիկա կա Ռուսաստանում եւ թե ինչպիսի պրակտիկա ունի պետությունը բիզնեսի հետ աշխատելու հարցում, լավ գիտեք»,-ասել է Մակարյանը:
Խոսակցություններն այն մասին, որ «Հայաստանը լավ յոլա կգնա նաեւ առանց Եվրոպայի», Մակարյանը կոչել է «ֆեոդալական մտածողության վկայություն»: Նա հույս է հայտնել, որ երկրի ղեկավարությունը հնարավորություն կգտնի Ասոցացման համաձայնագրի փոխարեն ստորագրելու ինչ-որ պայմանագիր՝ Եվրամիության հետ համագործակցելու:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի երեքին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը:




























