Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես ինքնիշխան պետություն եւ ՀԱՊԿ անդամ-պետություն, կատարում է իր բոլոր պարտականությունները ցանկացած երկրի առաջ. կան միջազգային նորմեր, միջազգային գործարքներ, որոնք լիովին իրականացվում են բոլոր պետությունների առաջ, եթե խոսում ենք օրենքի մասին: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պետդումայի պատգամավոր Անատոլի Վիբորնին՝ պատասխանելով այն հարցին, արդյոք ինքը չի կարծում, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի անվտանգությանն ուղղված իրական սպառնալիք կա, եւ ինչպիսի դիրքորոշում ունի ինքը:
«Որեւէ նորմատիվային-իրավական ակտ եւ պայմանագիր չկա, որի համաձայն Ռուսաստանը չի կարող Ադրբեջանին սպառազինություն վաճառել: Այդ հարցն այսօր բարձրացրել են հայ պատգամավորները եւ ակնհայտ է, որ դա նրանց անհանգստացնում է: Մենք կիսում ենք այդ անհանգստությունը եւ հարցը առաջադրելու ենք միջազգային հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ-երկրների հետ»,-ընդգծել է Վիբորնին:
Նրա խոսքով, արդյոք Ադրբեջանի սպառազինումը սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, ծրագրվում է ավելի ուշ քննարկել, չնայած որ այսօրվա նիստի ընթացքում այդ հարցը բարձրացրել է Հայաստանի Հանրապետությունը. «Այսօր կարծիքներ ենք փոխանակել, մենք տեսնում ենք խնդիրները, որոնցով ապրում է Հայաստանը եւ մտադիր ենք դրանք քննարկել Հայաստանի ԱԻ եւ պաշտպանության նախարարների հետ: Այն, որ մենք այսօր ՀՀ տարածքում ենք, արդեն իսկ խոսում է այն մասին, որ մենք անհանգստացած ենք բոլոր այդ հարցերով: Ռուսաստանի դիրքորոշումը կայանում է նրանում, որ առավելագույնս արվի հնարավոր ամեն բան, որպեսզի թույլ չտալ այն մարտահրավերներ ու սպառնալիքները, որոնք այսօր ծառանում են ցանկացած երկրի առաջ, հատկապես եթե դրանք վերաբերում են ՀԱՊԿ անդամ-պետություններին»:
Վիբորնին նաեւ ընդգծել է որ այսօրվա դրությամբ կան անվտանգության նոր մարտահրավերներ եւ սպառնալիքներ , ինչպես նաեւ հներ՝ նորերի տեսքով: Դրան համապատասխան զարգանում է նաեւ ՀԱՊԿ-ն, որպեսզի անդամ-պետությունները առավելագույնս պաշտպանված լինեն ցանկացած սպառնալիքներից:




























