Ստամբուլահայ տարեց կանանց դեմ հարձակման մեղադրանքով կալանավորված Մուրադ Նազարյանը դատական հերթական նիստի ժամանակ հայտարարել է, որ հարձակումները իրականացրել են 3 հոգի, իսկ իրեն ուղղորդել են հանցանք իրականցնել։
Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 2-րդ դատարանում հերթական նիստի ժամանակ Մուրադ Նազարյանը հայտարարել է, որ Մարիցա Քյուչուքի սպանության օրը 3 անծանոթներ իրեն սպառնացել են եւ ստիպելով տարել Մարիցա Քյուչուքի տուն, որտեղ երբ դանակի առաջին հարվածն են հասցրել տարեց հայ կնոջը, ինքը փախչել է տնից։
Նրանք նախօրոք իմ մատը կտրել էին եւ արյունս քսել էին տան մեջ գտնվող թղթերից մեկին, որպեսզի իմ հետքը մնա այնտեղ։ Նրանք ինձ սպառնում էին, որ եթե չանեմ իրենց ասածը, կսպանեն ինձ եւ իմ հարազատներին։ Ես նրանց ով լինելը չգիտեմ, բայց որ նկարները տեսնեմ կճանաչեմ։
Ես շատ եմ վախեցել եւ չեմ պատմել սրա մասին, բայց արդեն բան չի մնացել եւ ստիպված եմ ասել ճիշտը, չնայած բանտում ինձ անվտանգ չեմ զգում, գիշերները չեմ կարողանում քնել։ Եթե ես սպանությունը կատարած լինեի, կփախչեի, ոչ թե կմնայի, որ ինձ հեշտ ձերբակալեն»,-ասել է Մուրադ Նազարյանը։
Մուրադ Նազարյանը պատմել է նաեւ, որ Քումքափում աշխատելու եւ ապրելու ժամանակ դիարբեքիրցի եւ բինգյոլցի հանցախմբի անդամներն իրենից ռեկետ են պահանջել եւ նրանց պատճառով ինքը տեղափոխվել էր Քոջամուսթաֆափաշա, սակայն իրեն այնտեղ էլ գտնել։ Նա նշել է, թե իրենից ռեկետ պահանջողներն ու իրեն հանցագործության մեջ ներքաշելու փորձ անողներն տարբեր խմբավորումներ էին։
Մուրադ Նազարյանի փաստաբան Էրեն Քեսքինը դատարանում հայտնել է, որ իր պաշտպանյալը ավելի վաղ էլ ընտանիքի անդամներին հայտնել էր, որ ինքը հանցանք չի կատարել, սակայն վախենում է ճշմարտությունը ասել, քանի որ իրական հանցագործները ուժեղ մարդիկ են եւ իրեն ու իր ընտանիքին վնաս կտան։
Դատարանը որոշել է հետաձգել դատական նիստը՝ կասկածյալին ուղարկելով դատաբժշկական փորձաքննության՝ հոգեկան առողջության հետ կապված։
Նշենք, որ 2012-ի դեկտեմբերին եւ 2013-ի հունվարին Ստամբուլի հայերով բնակեցված Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց դեմ հարձակումներ էին տեղի ունեցել։ Այդ հարձակումների կատարման մեջ կասկածանքով ձերբակալվել է ստամբուլահայ Մուրադ Նազարյանը։
Մուրադ Նազարյանին ճանաչողները պնդում են, թե նա շատ հանգիստ անձնավորություն էր եւ անհավատալի է, որ նրան նման բանի մեջ են մեղադրում։




























