Շուտով կլրանա մեկ տարին, ինչ Երեւանի նոր քաղաքապետը ստանձնեց իր պարտականությունները: Մայրաքաղաքի քաղաքապետարանի կայքում, երեւանցիներին ուղղված ուղերձում, հանդիսավորապես նշված է, թե «մեր մայրաքաղաքը զարգացման նոր փուլ է մտել», նշված են նոր, ընդգրկուն ծրագրերը: Ընդ որում քաղաքապետը առանձնահատուկ ընդգծում է, որ այդ ծրագրերի իրացումը հնարավոր է միայն «քաղաքապետարանի գործունեության թափանցիկության հիման վրա»՝ վերջինիս եւ քաղաքի բնակչության համագործակցության պայմաններում:
Սակայն որտե՞ղ են այդ ծրագրերը: Մայրաքաղաքի արտաքին տեսքի անգամ մակերեսային դիտարկումը վկայում է, որ արմատական որեւէ փոփոխություն չի արվել:
Վերգետնյա հասարակական տրանսպորտի ողբալի վիճակն ինչպիսին կար, այդպիսին էլ մնացել է: Տխրահռչակ միկրոավտոբուսները «նորմալ» ավտոբուսներով փոխարինելու գործընթացը, որ սկսվել է մեկ տարի առաջ, այժմ լկտիաբար կանգ է առել: «Պիկ» ժամերին Հայաստանի մայրաքաղաքի փողոցներում իսկական քաոս է տիրում, հանրային տրանսպորտի կենտրոնական կանգառներում ուղեւորների բազմությունը բառացիորեն գրոհում է մինչեւ վերջ լցված ՌԱՖ-երն ու «Գազել»-ները: Հանրային տրանսպորտի գրաֆիկ, որպես այդպիսին, գոյություն չունի: Նման կարեւոր սոցիալական ոլորտը փաստացի հանձնված է մի քանի «գծատերերի» քմահաճույքին, որոնք բացարձակապես շահագրգռված չեն ոչ իրենց ծառայությունների որակի բարձրացման, ոչ ուղեւորների համար հարմարավետություն ստեղծելու հարցում:
Երբ ծանոթանում ես մայրաքաղաքային վարչակազմի հաղթական «ռազմազեկույցներին», թվում է, թե հանրային տրանսպորտի համակարգում արդեն դրախտ է: Սակայն երեւանցիները լիովին հիմնավորված կարծում են, որ այդ ոլորտում բացարձակապես այլ մարմին է գործում…Թեեւ 2009թ. ուղեւորատար միկրոավտոբուսների քանակը կրճատվել է 200 միավորով, դա միայն մի կաթիլ է ծովում: Քանի որ մայրաքաղաքի, առանց այդ էլ գերբեռնված փողոցներում ամեն օր գիծ են դուրս գալիս ավելի քան 2 հազար միկրոավտոբուսներ: Ավտոբուսները շատ ավելի քիչ են՝ ընդամենը մոտ 250 միավոր…
Ասում են՝ մայրաքաղաքը երկրի դեմքն է: Տվյալ հանգամանքը պարտավորեցնող է… Բայց ցավոք, «երկրի դեմքն» այնքան էլ խնամված չէ: Քաղաքի փողոցները, ինչ-որ ժամանակ ծաղկող այգիներն ու պուրակները բառացիորեն թաղված են աղբի մեջ: Առաջինը, ինչ հայտնվում է օտարերկրացիների աչքին Հայաստանի մայրաքաղաք մտնելիս, պոլիէթիլենային տոպրակների ու պլաստիկե շշերի, շինարարական աղբի ու կենցաղային թափոնների ամենուր երեւացող կույտերն են… Ինչպես ցույց տվեց NEWS.am-ի անցկացրած մինի-հարցումը, երեւանցիները չափազանց դժգոհ են աղբահանությունից՝ կարծելով, որ ուշադրություն է դարձվում միայն մայրաքաղաքի կենտրոնի բարեկարգմանը, իսկ ծայրամասերը թողնված են բախտի քմահաճույքին:
Ինչ վերաբերում է քաղաքապետարանի գործունեության թափանցիկությանը, միայն մեկ օրինակ բերենք: Քաղաքում համառ լուրեր են շրջում, որ քաղաքապետարանն իրենով է արել բնակելի շենքերի առաջին հարկերի պատուհանների փոխարեն՝ շենքի պատը քանդելով դռներ բացելու գործը, ընդ որում այդ «աչքաթողության» արժեքը խելահեղ թվերի է հասնում:




























