Հայտնի է, որ հաճախակի սթրեսները կարող են պատճառ դառնալ, որ իմուն համակարգի բջիջները պայքար սկսեն իրականում գոյություն չունեցող հիվանդությունների դեմ:

Աշխատանքում հանդիպող անհարթություններով պայմանավորված սթրեսներն առաջին հերթին հանգեցնում են սրտանոթային հիվանդությունների,  իսկ չհասկացող ղեկավարության հետ լարված պայմաններում ծանր աշխատանքը կարող է հանգեցնել իմուն համակարգի գենետիկ փոփոխությունների, հաղորդում է Globalscience.ru-ն:

 ԱՄՆ-ի Օհայոյի համալսարանի գիտնականները ուսումնասիրել են մարդու արյան նմուշները, ովքեր աշխատանքի պատճառով հաճախ էին անհանգստանում: Մասնագետները դրանք համեմատել են լաբորատոր կրծողների արյան նմուշների հետ, որոնց համար փորձառական նպատակներով սթրեսային իրավիճակներ են ստեղծել: Արդյունքում գիտնականները հայտնաբերել են բորբոքված բջիջներ, որոնք պայքարում էին գոյություն չունեցող հիվանդությունների դեմ: Իմուն համակարգի բջիջները բորբոքվելով՝ առաջին հերթին բացասաբար են ազդում սրտի, լյարդի ու արյունատար անոթների աշխատանքի վրա: