Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ մարտի 31-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության պատվիրակությանը` ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը նշել է, թե Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում այն առաքելությունը, որ իրականացնում է կազմակերպությունը: «Նաեւ մեր պատրաստակամությունն ենք հայտնում բոլոր նախաձեռնություններին եւ բարի գործերին, որ իրականացնում եք ե՜ւ Հայաստանում, ե՜ւ Սփյուռքում, ե՜ւ հայապահպանության ոլորտում, ե՜ւ Մայր հայրենիքն ուժեղացնելու գործում: Դա նկատելի է, եւ արդյունքները գնահատում է մեր ժողովուրդը, իսկ մենք պարտավոր ենք ամենայն աջակցություն բերել ձեզ»,- ասել Սարգսյանը:
Պերճ Սեդրակյանը պատվիրակության անունից շնորհակություն է հայտնել վարչապետին եւ տեղեկացրել, որ իրենք Հայաստանում են Երեւանի պետական բժշկական համալսարանի նեյրոանոթային վիրաբուժության կենտրոնի հանդիսավոր բացմանը ներկա լինելու նպատակով: Տարածաշրջանային նշանակություն ունեցող կենտրոնի ստեղծմանը աջակցություն է ցուցաբերել Հայկական բարեգործական ընդհանուր միությունը` հայտնի բարերար ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի անդամ Նազար Նազարյանը` նվիրաբերելով 1,7 մլն ԱՄՆ դոլար: Նա նշել է, որ հատկապես վերջին տարիներին Հայաստանի հետ հարաբերություններն ու համագործակցությունը շատ ավելի ջերմ են, եւ չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին` ՀԲԸՄ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը Հայաստանին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել բարերարներին, հատկապես Հայաստանում շախմատի զարգացման գործում ունեցած ներդրման համար:



























