Թուրքական հայտնի Taraf թերթի թղթակից Նեշե Դյուզելինը Թուրքիայի մութ էջերի վերաբերյալ հարցազրույց է վերցրել թուրք հայտնի պատմաբան Սելիմ Դերինգիլից, ում պատասխանները աչքի են ընկել բավականին համարձակությամբ: Մարտի 31-ին NEWS.am-ը տպագրել է հարցազրույցի առաջի մասը։
Այսքան մոտ պատմություն եւ այսքան մեծ իրադարձությունը պատմաբանները չե՞ն ուսումնասիրում:
Պատմաբաններն ի՞նչ են անում: Պատմաբանները ցանկանում են պաշտոնական տեսակետն առաջ տանել, աշխատում են ապացուցել, որ հայկական պնդումները անհիմն են:
Մենք գիտե՞նք, թե որքան է 1915-ից հետո որդեգրված հայ երեխաների քանակը:
1915-ից հետո որդեգրված հայ երեխաների քանակը թե տղա, թե աղջիկ միասին վերցրած, կազմում է մոտ 300 հազար: Այս քանակն անհրաժեշտ է ուսումնասիրել, որովհետեւ դա համատարած սպանություններից առաջ էր: Մենք Հրանտ Դինքի հետ էլ ենք այդ թեմայով խոսել: Թուրքիայում այս թեմայի շուրջ մեր ձեռքում միայն հիշողություններն են եւ պատրիարքարանի արխիվները, որոնք Երուսաղեմում են ու ամեն մեկը չի կարող մտնել: 1915-ին 7-16 տարեկան հայ երեխաներին էին որդեգրում եւ հիմնականում նախընտրում էին փոքր տարիքի երեխաներ, որպեսզի հեշտ լինի մահմեդականացնել:
Նրանք մահմեդականացա՞ն:
Գաղտնի քրիստոնյա ապրելակերպը պահողներ էլ կային: Ոմանք իրենց հայ լինելու մասին ոչինչ չէին խոսում, ոմանք միայն տանն էին խոսում, որ հայ են: Շատերը վախենում էին, որովհետեւ հիշում էին, որ ինչ-որ մեկի մորը բռնաբարել են, սրախողխող արել, գլուխը քարի վրա ջախջախել են եւ այդ ամենը իրենց հիշողությունից չէր ջնջվում: Ես չեմ կարծում, որ գաղտնի քրիստոնյա կյանքով ապրողները մեծ տոկոս են կազմում:
Անատոլիայում մի կերպ կենդանի մնացած հայերը Թուրքիայի հանրապետության օրոք ի՞նչ են վերապրել:
Հայոց պատրիարքարանի 1927 թվականի տվյալների համաձայն, կար 300 հազար հայ: Դրանք կոտորածից մի կերպ փրկված մարդիկ էին, որոնք ամենօրյա ճնշումների տակ աստիճանաբար մահմեդականություն էին ընդունում:
Թուրքիայի հանրապետության ստեղծման ժամանակ եղած 300 հազար հայից այսօր որքա՞նն է մնացել:
60 հազար հայ: Թուրքիայի հանրապետության ժամանակաշրջանում հայերի եւ մյուս քրիստոնյաների դեմ բնաջնջման երկրորդ ալիք է սկսվում: Այդ բնաջնջում ասվածը պարտադիր չէր, որ սպանության ձեւով լիներ, այլ այնպիսի անելանելի վիճակի մեջ էին դնում, որ մարդիկ ստիպված արտասահման էին գաղթում: Եթե հայերը Օսմանյան շրջանում ամենաբարձր աստճանների կարող էին հասնել, ապա, հանրապետության օրոք նրանց նույնիսկ հասարակ պահակ չէին ընդունի:
Ամեն հասարակության պատմությունը այսքան արյունո՞տ է:
Մեր պատմությունը` հատկապես, մի քիչ մռայլ է: Դա անհրաժեշտ է ընդունել: Անցյալ օրը վարչապետ Էրդողանի «Չեք կարող ստիպել, որ ասենք` մեր պապերը ցեղասպանություն են արել» արտահայտությունից հետո մեր բոլորի գլխում մի միտք է նստած. «Գուցե արե՞լ են»: Երիտթուրքերը աշխատել են բնաջնջել հայերին: Թե հիմա դա կասեք ցեղասպանություն, կոտորած թե…:
Կարող է դրանք եղել են փոխադա՞րձ կոտորածներ:
Փոխադարձ կոտորած լինելու համար անհրաժեշտ է, որ կողմերը հավասար հնարավորություն ունենան: Այն ժամանակաշրջանում նման իրավիճակ ընդամենը տեղ-տեղ է եղել:
Տեղահանության ժամանակ կոտորված հայերի քանակը որքա՞ն է:
Դա շատ քաղաքականացված խնդիր է: Հայկական սփյուռքը եւ Հայաստանը նշում են 1.5 միլիոնը: Մեր պաշտոնական պատմագրության մեջ ամեն տեսակ միտք կա: Յուսուֆ Հալաչօղլուն ասում է 50-60 հազար: Ես կարծում եմ այդ թիվը 800 հազար է:
Շարունակելի…




























