Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի հետ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից, Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Նիկոլայ Ազարովին վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ, հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: Տ. Սարգսյանն Ուկրաինայի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում նշել է, որ երկու երկրների միջեւ կա չիրացված մեծ պոտենցիալ, միաժամանակ առկա են երկկողմ համագործակցության լայն հեռանկարներ:
Զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: Այդ կապակցությամբ հանձնաժողովների նախագահներին հանձնարարականներ են տրվել համաձայնեցնել ու կազմել օրակարգ եւ առաջիկայում անցկացնել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ:



























