Վստահեցնում եմ, որ դատապարտյալների հիվանդանոցի պայմանները, որտեղ պահվում է  Վարդան Պետրոսյանը, երաշխավորում են նրա առողջական վիճակի նկատմամբ հսկողությունը եւ հարկ եղած բուժումը: Այս մասին նոյեմբերի 13-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

 «Ես ասացի նրան, որ ինձ համար այս պահին կարեւոր է իր առողջական վիճակը:

Համապատասխան կարգադրություն են ստացել տվյալ ՔԿՀ-ի բժիշկները: Եթե նրան վիրահատող եւ բուժող բժիշկների այցի անհրաժեշտություն ծագի, նրանց  կթույլատրվի այցելել Վարդան Պետրոսյանին»,- ասել է Թովմասյանը:

Անդրադառնալով Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելուն՝ նախարարը նշել է, որ բազմիցս է հայտարարել. խափանման միջոցների հարցում դատաքրեական պրակտիկան գոհացուցիչ չէ: «Կա խնդիր, որը կապված է ոչ միայն պրակտիկայի, այլեւ օրենսդրական որոշումների հետ: Մենք ունենք խափանման միջոցներ՝ կալանք, գրավ եւ այլընտրանքային միջոցներ: Տնային կալանքը, վարչական վերահսկողությունը մեր օրենսդրությամբ չեն նախատեսվում:

Խորհրդարանի քննարկման են ներկայացվել փոփոխություներ», - նշել է նախարարը:

Թովմասյանը նաեւ հավելել է, որ հանրության կողմից սխալ է մեկնաբանվել նախագահի մամուլի քարտուղարի հայտարարությունը: «Դրանից ստացվում է, որ Սերժ Սարգսյանը կարգադրել է փոխել խափանման միջոցը: Այդ հայտարարությունից հստակ հետեւում էր, որ տվյալ դեպքում նախագահը կարգադրություն տալու իրավասություն չունի: Նախագահը մտահոգություն էր հայտնել, որ այս ոլորտում կան խնդիրներ, եւ անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություններ կատարել»: