Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն կետի վրա, որով նախատեսվում է 2014-ին արտահանման 4 տոկոսանոց աճ՝ դոլարային արտահայտությամբ եւ հստակեցնել. Դուք վստա՞հ եք, որ այդ աճը կապահովվի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, խորհրդարանի նիստում հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, երբ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը վստահեցրել է, որ բյուջեի եկամուտների առումով կորուստներ չեն լինի:

«Դուք վստա՞հ եք, որ այդ շահույթը կապահովվի: Որովհետեւ 2013-ին կարծես չեն իրականանում, դրա համար հարցնում եմ»,-ասել է խորհրդարանի խոսնակը, ինչին ֆինանսների նախարարը պատասխանել է. «Իսկապես, դրանք կանխատեսումներ են եւ հիմա դժվար է ասել, որքանով դրանք իրականություն կդառնան: Կառավարությունը որոշակի մեթոդիկա ունի, որով այդ կանխատեսումներն արվում են»:

Իր հերթին, Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է, թե որքանով է ֆինանսների նախարարությունն առնչություն ունեցել բյուջեի կազմմանը. «Ֆինանսների նախարարությունը տեղյա՞կ է բյուջեի եկամտային մասի կանխատեսումների մասին, այն գնահատականներ տվե՞լ է տնտեսության տարբեր ճյուղերի վրա ազդեցությանը, քննարկել այլ մոտեցումներ եւ դրան ազդեցությունը տնտեսության վրա: Դա շատ կարեւոր է»:

Նախարար Սարգսյանն, իր հերթին, վստահեցրել է, որ իրենց նախարարությունը իր դերն է ունեցել բյուջեի եկամտային մասը գնահատելիս:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am