Հայաստանի ԱԻՆ-ում նախապատրաստվում են միջազգային կարգի փրկարարական թիմեր: Այս օրերին Հայաստանում է գտնվում Լեհաստանի պետական հրդեհային ծառայության պատվիրակությունը: Նոյեմբերի 12-15-ը լեհ մասնագետներն ուսումնասիրելու են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության կարողությունները՝ անձնակազմի պատրաստվածություն, տեխնիկական հագեցվածություն, ուսուցման ու վարժանքներ կազմակերպելու հնարավորություններ եւ այլն:
Ինչպես հայտնի է՝ ՀՀ ԱԻ նախարարությունը նախատեսում է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) չափանիշներին համապատասխան երկու թիմ պատրաստել՝ որեւէ աղետի դեպքում միջազգային փրկարարական գործողություններին մասնակցելու համար: Լեհական պատվիրակության այցի հիմնական նպատակն է գնահատել տեղական կարողությունները եւ ներկայացնել առաջարկություններ՝ հայկական թիմերը միջազգային որակավորման գործընթացին նախապատրաստելու համար:
Լեհական պատվիրակության մեջ ընդգրկված են Քաղպաշտպանության եւ փրկարարական աշխատանքների համակարգման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, փոխգնդապետ Մարիուշ Ֆելտինովսկին, նույն կենտրոնի բաժնի պետ, մայոր Մարսին Կեդրան եւ ավագ փորձագետ, 1-ին լեյտենանտ Մարսին Պատերը, Պետական հրդեհային ծառայության քոլեջի պետի տեղակալ, փոխգնդապետ Սլավոմիր Վոյտան: Նրանք ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի որակավորման հանձնաժողովի անդամներ են եւ լուրջ փորձառություն ունեն տարբեր երկրների փրկարարական թիմերի ուսուցման ու պատրաստման հարցերում:
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում փրկարար ծառայության աշխատանքային խմբի հետ կայացած քննարկման ընթացքում ներկայացվեցին ՀՀ ԱԻՆ ստեղծման պատմությունը, կառուցվածքը եւ հիմնական գործառույթները, ինչպես նաեւ քաղաքային որոնողափրկարարական թիմի կառուցվածքն ու անդամներից յուրաքանչյուրի պարտականությունները:
Օտարերկրյա փորձագետներն իրենց հայ գործընկերներին պատմեցին Լեհաստանում միջազգային որոնողափրկարարական թիմերի ստեղծման դժվարությունների, կառուցվածքի, տեխնիկական զինվածության եւ գործառույթների մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ թիմերի առավել արդյունավետ կառուցվածքների տարբերակները եւ այլ երկրներ տրանսպորտային փոխադրման խնդիրները:
Նոյեմբերի 14-ին նախատեսվում է լեհ փորձագետների հետ միասին այցելել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա եւ «Լուսակերտ» ուսումնական բազա՝ տեղում ծանոթանալու հրշեջ-փրկարարների ուսուցման եւ գործնական պարապմունքներ անցկացնելու պայմաններին:




























