2014թ. Հայաստանում կներդրվի  սոցիալական ակտիվ աջակցության փաթեթ այն խմբերի համար, որոնք մրցունակ չեն աշխատաշուկայում: Այս մասին ԱԺ-ում նոյեմբերի 13-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին:

Նա կրկին նշել է, որ գործազրկության նպաստների հին համակարգը անարդյունավետ է համարում:

«Ցանկացած քաղաքացի աշխատանք կորցնելու դեպքում կարող էր ստանալ 18 հազար դրամ՝ նվազագույնը 6 ամիս: Ընդ որում՝ հաշվի չէր առնվում՝ իրականում ունի՞  նա այդ միջոցների կարիքը: Այդ համակարգի հասցեականությունը մենք ընդամենը  6% ենք գնահատել. Մնացածների համար նպաստը եկամտի հավելյալ աղբյուր էր»,- նշել է վարչապետը:

Նոր համակարգով, ըստ նրա, վճարներ նախատեսվում են միայն աշխատաշուկայում ոչ մրցունակ սոցիալական խմբերի համար:

 «Նրանց համար  կներդրվի  սոցիալական ակտիվ աջակցության փաթեթ, որն ավելի ուշ կներկայացնի աշխատանքի նախարարը», - հայտարարել է վարչապետը:

Հիշեցնենք, 2014թ.-ից Հայաստանում գործազրկության նպաստները կհանվեն: