Գերմանական կենդանաբանական այգում կոկորդիլոս Ֆիդելի անունը փոխել են` այցելուների դժգոհության պատճառով: Կուբայից բերված կոկորդիլոսի ձագը գտնվում է Հոյերսվերդ քաղաքի կենդանաբանական այգում:
The Local-ը հայտնում է, որ սկզբում կենդանաբանական այգում որոշել էին օգոստոսին ծնված կոկորդիլոսի յոթ ձագերից մեկին այնպիսի անուն տալ, որը հիշեցներ Կուբան: Սակայն կենդանաբանկան այգու որոշ այցելուների դուր չի եկել, որ կոկորդիլոսին անվանել են կոմունիստական Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի պատվին: Շատերը կոկորդիլոսին անվանում էին պարզապես Կաստրո:
Կենդանաբանական այգու ղեկավարությունը պնդում է, որ ոչ ոք հենց Ֆիդել Կաստրոյին նկատի չի ունեցել, այլ անունը պարզապես ասոցացվել է Կուբայի հետ, հայտնում է «lenta.ru»-ն:
Կենդանաբանական այգին հովանավորող տեղի իշխանությունները խնդրել էին փոխել կոկորդիլոսի անունը, ինչպես նաեւ այսուհետ ուշադիր լինել կենդանիներին տրվող անուններին: Կոկորդիլոսին ժամանակավորապես վերանվանել են Ֆիդելիո: Նորածնի սեռը դեռ պարզ չէ, դա կորոշի արյան անալիզը: Եթե կենդանին էգ լինի, նրան Ֆիդելիա կանվանեն, վճռել են կենդանաբանական այգում:





























