Հունգարիայում երեխա է լույս աշխարհ եկել, որի մոր ուղեղը մի քանի ամիս առաջ մահացել էր։
AFP-ին Դեբրեցեն քաղաքի համալսարանի գիտական բժշկական կենտրոնի ղեկավար Բելա Ֆուրեդին պատմել է, որ 31-ամյա կնոջ ուղեղի մահացումը վրա էր հասել հղիության 15-րդ շաբաթում։ Բժիշկները որոշել էին շարունակել նրա օրգանիզմի կենսագործունեության ապահովումը՝ երեխային ծնվելու հնարավորություն ընձեռելու համար։
Տղան միանգամայն առողջ է ծնվել՝ մոր ուղեղի մահացումից 92 օր անց։
Երեխան ծնվել է հղիության 27-րդ շաբաթում՝ 1,42 կգ քաշով, բայց առողջ, պնդում է բժիշկը։ Դրանից հետո մորն անջատել են կենսապահովման սարքից։
Նորածնին կխնամեն բարեկամները: Նրանց, երեխայի եւ մոր անունները, ինչպես նաեւ ծննդաբերության ամսաթիվը չի բացահայտվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Բժիշկները մահացած կնոջ սիրտը, լյարդը, երիկամները եւ ենթաստամոքսային գեղձը այլ հիվանդների են փոխպատվաստել: Ըստ բժիշկների` նրա օրգանները փրկել են չորս մարդու կյանք:





























