Հնդկաստանի հետաքննությունների կենտրոնական բյուրոյի ղեկավար Ռանջիթ Սինհան կարող է պաշտոնից հեռացվել բռնաբարության մասին անհաջող կատակի պատճառով:
Սինհան, մեկնաբանելով մարզական ապօրինի խաղադրույքների եւ ազարտային խաղերի օրինականացման շուրջ իրավիճակը, հայտարարել էր, որ «եթե դուք ցանկանում եք արգելել խաղադրույքները եւ չեք կարողանում ապահովել արգելքի կատարումը, ապա վարվեք ասացվածքի համաձայն. «Երբ ձեզ բռնաբարում են, թուլացեք եւ հաճույք ստացեք»:
Սինհան հրապարակավ ներողություն է խնդրել անհաջող համեմատության համար՝ նշելով, որ իր խոսքերը համատեքստից կտրվել են, սակայն կանանց իրավապաշտպանական կազմակերպությունների ակտիվիստները պահանջում են նրա հրաժարականը, գրում է The New York Post-ը:
«Նողկալի է, որ բռնաբարության մի քանի դեպքեր հետաքննող մարդը նման համեմատություն է կատարում: Նրան պետք է դատել կանանց վիրավորելու եւ նվաստացնելու համար», - կարծում է Հնդկաստանի մարքսիստական կոմունիստական կուսակցության առաջնորդ Բրինդա Կարատը, գրում է gazeta.ru-ն:
Հնդկաստանը բռնաբարության բարձր ցուցանիշով երկրներից է: Դելիի աղմկահարույց դեպքից հետո օրենքի խստացումները հարկ եղած արդյունքի չեն հանգեցրել:





























