Ապրիլի 1-ից գազի գնի բարձրացման ուղղակի ազդեցությունը գնաճի վրա կլինի 0,5 տոկոս, իսկ անուղղակի ազդեցությունը՝ 0,9 տոկոս։ Այս մասին այսօր կառավարության նիստում նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ նպաստները և կենսաթոշակները բարձրացնելու կառավարության որոշումը կնվազեցնի սոցիալական լարվածությունը եւ կնպաստի աղքատության կրճատմանը: Նրա ներկայացմամբ, գազի սպառման ծավալներն ավելանում են ցրտերն ընկնելուն պես, այսինքն նոյեմբեր ամսից, դրա համար էլ կենսաթոշակները որոշվել է բարձրացնել նոյեմբերից, իսկ նպաստները` մայիսի 1-ից:
«Հաշվարկները ցույց են տալիս, որ սպառողական զամբյուղի տեսակետից այս միջոցառումները նպաստելու են աղքատության նվազմանը ՀՀ-ում: Ինչո՞ւ նոյեմբերի 1-ից. որովհետեւ գաղտնիք չէ, որ գազի ծախսման սեզոնը ըստ մեր վիճակագրական տվյալների, սկսվում է նոյեմբեր ամսվանից, երբ մեր բնակչությունը առավել շատ գազ է ծախսում, եւ նրա ընտանեկան բյուջեում գազի սպառմանն ուղղվող ծախսերի տեսակարար կշիռը ավելանում են նոյեմբեր,դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին»,-մեկնաբանել է ՀՀ վարչապետը: Վերջինս ավելացրել է նաեւ, որ ապրիլի 1-ից գազի սակագնի բարձացումը ընտանեկան բյուջեի վրա ավելի մեղմ ազդեցություն է թողնելու, որովհետեւ սպառումը նվազում է ապրիլից:
Ինչ վերաբերում է գնաճին, ապա ըստ Տ. Սարգսյանի, ներկայումս այն, տարվա կտրվածքով, կազմում է 8,8 տոկոս, իսկ դեկտեմբերի համեմատությամբ` 2,9 տոկոս: Կառավարությունը կանխատեսում է, որ տարվա վերջին գնաճի ցուցանիշը կլինի 7 տոկոս: Հատկանշական է, որ 2010 թվականի բյուջեի նախագծում նշվում է, որ գնաճը պետք է լինի 3-5,5 տոկոսի սահմաններում:
Այնուհետեւ անդրադառնալով մակրոտնտեսական ցուցանիշներին, վարչապետն ասել է, որ դրանք 2,5 անգամ գերազանցում են կառավարության սպասումները, ինչը պայմանավորված է նրանով, որ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները արդյունք են տալիս:



























