Սահմանին ԱԱՀ-ի վերացումը հայ արտադրողներին ներկրողների համեմատ ոչ շահավետ դիրքում կդնի: Այս մասին նոյեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում  հայտարարել է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Սահմանին ԱԱՀ-ն կարելի է վերացնել միայն այն սարքավորումների եւ ապրաքների համար, որոնք չեն արտադրվում Հայաստանում՝ տեղական արդյունաբերության շահերից ելնելով», – ընդգծել է Մինասյանը՝ պատասխանելով տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մելքումյանը նշեց, որ 1997թ. ներդրված սահմանին ԱԱՀ-ի գանձումը հարկային ծառայության կայացման ժամանակահատվածում կարող էր որոշ չափով արդարացված համարվել:   «Սակայն այժմ ԱԱՀ-ն կարելի է եթե ոչ ամբողջությամբ գանձել գործարքից հետո, ապա գոնե հետաձգել 90 օրով: Մյուս տարբերակով, նրանց նկատմամբ, ովքեր որ  համաձայն են վճարել սահմանին,  պետք է  կիրառել 15%-ի դրույք՝ 20%-ի փոխարեն», – նշել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ 2014թ. պետբյուջեի նախագծով ԱԱՀ-ի գանձումը պետք է կազմի 444,7 միլիարդ դրամ, որոից սահմանին՝ 231 միլիարդ: