Դատապարտյալ Արթուր Մարտիրոսյանը, ով պատիժը կրում է քրեակատարողական հիմնարկներից մեկում, ունի բազմաթիվ առողջական խնդիրներ՝ խրոնիկական հեպատիտ, հիպերտոնիկ, օստեոխոնդրոզ, գոտկա-սրբանային ռադիկուլիտ հիվանդություններ եւ չի կարողանում անգամ ինքնուրույն տեղաշարժվել :

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, թե դեռեւս մայիս ամսին քրեակատարողական հիմնարկը դիմել էր Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն՝ պահանջելով համապատասխան կարգագիր Ա. Մարտիրոսյանին «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու համար, սակայն այնտեղից մերժել են՝ հանձնարարելով բուժումն ու հետազոտությունը կազմակերպել տվյալ ՔԿՀ-ի պայմաններում:

Որդու առողջական խնդիրների վերաբերյալ նրա մայրը եւս պարբերաբար դիմել է Արդարադատության նախարարություն, սակայն միջոցներ չեն ձեռնարկվել համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերելու կամ նրան «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու ուղղությամբ, եւ դատապարտյալի մայրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին :

Արդյունքում Արդարադատության նախարարության վերահսկողության տեսչության աշխատակիցների եւ ՔԿՀ-ի բուժսպասարկման բաժնի մասնագետների կողմից իրականացվել է Արթուր Մարտիրոսյանի առողջական վիճակի եւ այն հիմնավորող փաստաթղթերի ուսումնասիրություն եւ, հաշվի առնելով , որ ՔԿՀ-ի պայմաններում իրականացված բուժումը դրական արդյունք չի տվել, դատապարտյալը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» եւ ստանում է իրեն անհրաժեշտ բուժումը:

Հ.Գ. Անուն-ազգանունը փոխված է