Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ծնվել է ղարաբաղյան պատերազմի բովում: Այդ մասին նոյեմբերի 15-ին Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Ըստ նրա, սակայն, այս պահին ԼՂՀ-ի ճանաչումն անհեթեթություն է: «Ամբողջ խորհրդարանը փաստարկներ է բերում այդ օրինագծի աննպատակահարմարության մասին: Ոչ միայն ՀՀԿ-ն, այլեւ բոլոր քաղաքական ուժերը խոսում են այդ մասին, սակայն մենք, էթիկայի կանոններից ելնելով, ստիպված ենք լսել անհիմն, դատարկ խոսակցություններ», - նշել է Սահակյանը:
Նա ընդգծել է, որ ՀՀԿ-ի քաղաքականության առաջնահերթությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է եւ ԼՂՀ-ի անկախությունը: Ի պատասխան հարցին՝ եթե ղարաբաղյան հիմնախնդիրը լուծվի, ինչ կլինի կուսակցության հետ, նա հայտարարել է. «Աստված տա, մեր կուսակցությունը կդադարի գոյություն ունենալ, բայց թող ղարաբաղյան հիմնախնդիրը լուծվի»:





























