Աղվերանում մեկնարկել է «Թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կարեւորագույն սկզբունքներ» եռօրյա սեմինարը` կազմակերպված ԶԼՄ ներկայացուցիչների համար: Ողջունելով սեմինարի մասնակից լրագրողներին ` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը բացման խոսքում նշել է, որ գիտաժողովի նպատակը ԶԼՄ ներկայացուցիչներին կրթության ոլորտում պետական քաղաքականության գերակայությունները, ձեռքբերումներն ու խնդիրները ներկայացնելն է, ինչպես նաեւ առաջիկայում նախատեսվող ծրագրերի մասին իրազեկելը:
Շնորհակալություն հայտնելով ԶԼՄ-ներին կրթության ոլորտն ակտիվ լուսաբանելու համար ՀՀ ԿԳ նախարարն իր խոսքում նշել է. «Պետական քաղաքականությունը չի կարող հաջողված լինել, եթե հանրային իրազեկվածության եւ քննարկումների մակարդակը պատշաճ չափով չի ապահովվում: ԿԳՆ-ն որդեգրել է մաքսիմալ բաց, թափանցիկ, հաշվետու քաղաքականություն, մեզ համար կարեւորագույն խնդիր է կրթության բոլոր մակարդակներում` նախադպրոցական եւ հանրակրթական հաստատություններից սկսած մինչեւ բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտ ապահովել լիակատար ժողովրդավարության սկզբունքների ներդնում: Այս համատեքստում ԶԼՄ-ների դերը չափազանց կարեւոր է»:
Մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք` նախարարը նշել է, որ գիտաժողովի ծրագրում ներառված են բոլոր ուղղությունները, որոնք կարող են հանրային հետաքրքրության թեմա լինել եւ ապահովել տեղեկացվածություն ամենակարեւոր հարցերի հետ կապված: Այնուհետեւ ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը ներկայացրել է զեկույց` «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» թեմայով: Ն. Հովհաննիսյանը անդրադարձել է կրթության տասներկուամյա համակարգի ներդրմանը, ավագ դպրոցի ներդրմամբ պայմանավորված ոլորտում կատարած բովանդակային եւ օրենսդրական փոփոխություններին, դպրոցներում «Շախմատ» առարկայի ներմուծմանը: Օրենսդրական դաշտի նորարություններից նշվել է «Հանրակրթության մասին» նոր օրենքի ընդունումը, սովորողի ընդունելության, տեղափոխման եւ ազատման կարգը, դպրոցի տնօրենի հավաստագրման, ինչպես նաեւ մանկավարժի եւ տնօրենի մրցութային ընդունելության կարգը, հատուկ կրթության համար սահմանված նորմատիվները եւ այլն: «Հանրակրթության վարչությունը լուրջ աշխատանք է տանում ազգային փոքրամասնությունների հետ, իրենց համար պահպանվում է իրենց մայրենի լեզուն, սակայն պատշաճ տեղ է հատկացվում առարկայացանկին, որը պարտադիր է բոլոր դպրոցների համար: Մեզ համար կարեւոր էր նաեւ սիրիահայ երեխաների կրթության կազմակերպումը, այսօր շուրջ 700 սիրիահայ երեխաներ ընդգրկված են դպրոցներում: Այստեղ, կային լուրջ խնդիրներ, քանի որ շատերը չեն տիրապետում մայրենի լեզվին, բայց դպրոցների կոլեկտիվների ջանքերի շնորհիվ կարողանում ենք հաղթահարել այդ խնդիրը»,-նշել է Ն. Հովհաննիսյանը: Նրա խոսքով առաջիկա օրերին կավարտվի տնօրենների վերապատրաստումը եւ կկազմակերպվի հավաստագրման գործընթացը:
Հանրակրթության ոլորտի զեկույցից հետո տեղի է ունեցել քննարկում:
Անդրադառնալավ դպրոցներում առկա խնդիրներին` նախարարը նշել է, որ մտահոգիչ վիճակագրություն կա դպրոցական համակազմերի հետ կապված. «Հանրապետությունում այսօր ունենք մինչեւ հարյուր աշակերտ ունեցող ավելի քան երեք հարյուր դպրոց: Կան դպրոցներ, որտեղ ուսուցիչների թիվը գերազանցում է աշակերտների թվին: Սա, իհարկե լուրջ խնդիր է: Մի կողմից պետությունը նման դպրոցներում սովորող աշակերտների կրթության վրա ահռելի միջոցներ է ծախսում, մյուս կողմից էլ, ունենք մի պատկեր, երբ այդ ծախսերը հակադարձ համեմատական են կրթության որակի հետ: Մենք այժմ լուծումներ ենք փորձում գտնել. Հնարավոր տարբերակներից մեկը տարբեր մարզերում ռեգիոնալ դպրոցների ստեղծումն է, մյուսն օնլայն կրթության ներդնումը: Փորձում ենք մաքսիմալ զերծ մնալ դպրոցների փակումից, սակայն առանձին դեպքերում դա անխուսափելի քայլ է: Սա այն դեպքն է, երբ խնդիրը չի կարելի դիտարկել զուտ կրթական»,- ասել է Ա. Աշոտյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























