Երեւանի քաղաքապետարանն արձագանքել է «Եթե մարմնավաճառներին դիմացել եք, կամուրջին էլ կդիմանաք. փոխքաղաքապետի մտքի փայլատակումը» վերտառությամբ՝ NEWS.am-ի նոյեմբերի 13-ի հրապարակմանը։ Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հերքման տեքստում, մասնավորապես, կարդում ենք.
«Հարգելի խմբագրություն,
Ձեր կայքի «Եթե մարմնավաճառներին դիմացել եք, կամուրջին էլ կդիմանաք. փոխքաղաքապետի մտքի փայլատակումը» վերտառությամբ հրապարակման առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Բագրատունյաց 8 հասցեում վերգետնյա անցումի կառուցման առնչությամբ բնակիչների հետ հանդիպման ժամանակ զանգվածային մի շարք լրատվամիջոցների ներկայությամբ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի և վերջինների միջև տեղի է ունեցել հանգամանալից քննարկում, ինչի արդյունքում տվյալ բնակարնների արտաքին անվտանգության և ձայնամեկուսացման հետ կապված պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Կայքի հրապարակման մեջ տեղ գտած ու փոխքաղաքապետին վերագրվող բազմաթիվ արտահայտություններ, ավելին, նաև վերնագիրը, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: Դավիթ Օհանյանի «այստեղ շատ ավելի վատ բաներ են լինում» արտահայտությունը հրապարակման մեջ չգիտես ինչու դարձել է «ավելի լավ բաներ են լինում», այնինչ փոխքաղաքապետի արտահայտությունը մասն է նրա այն մտքի, որ ուսումնասիրությունը և վիճակագրությունը ցույց են տվել, որ տվյալ տարածքում բազմաթիվ վթարներ և դրանց հետևանքով մահվան, նաև մանկահասակ երեխաների մահվան դեպքեր են արձանագրվել, ինչը շատ ավելի վատ է: Խոսակցությունն այս համատեքստում է եղել, ավելին՝ նաև այլ լրատվամիջոցների ու բազմաթիվ բնակիչների ներկայությամբ:
Ինչ վերաբերում է վերգետնյա անցումի տվյալ հատվածում նախատեսմանը, ապա այն նպատակ ունի նախ և առաջ ապահովելու հետիոտների անվտանգ անցումը, հնարավորին մեծացնելու մայրուղու թողունակությունը, կանխելու նախկինում այստեղ հաճախ ստեղծվող վթարային իրավիճակները: Մինչ կառույցի շինարարության սկսելը, համաձայն վավերացված պայմանագրի և առաջադրանքի, մշակվում է վերգետնյա անցման նախագիծ համապատասխան գործող շինարարական նորմերի՝ «Градостроительство, планировка и застройка городских и сельских населений» СНиП 2.07.01-89, «Мосты и трубы» СНиП 2.05.03-84, «Սեյսմակայուն շինարարություն» ՀՀՇՆ II-6.02-2006: Ինչ վերաբերում է բնակելի շենքի և կամրջի միջև հեռավորության չափորոշիչին, ապա գործող նորմերով հեռավորության սահմանափակման պահանջ չի նախատեսվում, ինչպես չի նախատեսվում սահմանափակման հեռավորություն շենքերի և նրան կից մայթերի միջև: Վերգետնյա անցումն, ըստ էության, մայրուղու մակարդակով մայթի շարունակությունն է՝ բարձացված մակարդակով:
Բագրատունյաց 8 հասցեում կառուցվող վերգետնյա անցման իրականացումը կատարվում է շինարարական կառույցների իրականացման կարգերին համապատասխան, որի համար առկա է գործող նորմի պահանջներով մշակված աշխատանքային նախագիծ, մրցութային կարգով ընտրված շինարարական կազմակերպություն և համապատասխան շինարարության թույլտվություն»։




























