30-ամյա Էլդար Մ.-ն մեղադրվում է երկու անչափահաս երեխաների ապրուստը հոգալուց չարամտորեն խուսափելու մեջ: Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 30-ամյա Էլդար Մ.-ն, ամուսնալուծված լինելով, չարամտորեն խուսափել է դատարանի վճռով իր երկու երեխաներին երեք ամսից ավելի ապրուստի միջոցներ վճարելուց:
Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով սահմանվել է իր երկու անչափահաս երեխաներին` 6-ամյա Անդրանիկ Մ.-ին եւ 4-ամյա Մարիամ Մ.-ին յուրաքանչյուր ամիս ընդհանուր` 40000 ՀՀ դրամ կայուն ապրուստի միջոցներ վճարել, սակայն 2012թ. ապրիլի 19-ից մինչեւ օրս նա հիշյալ պարտավորությունները չի կատարել, որպիսի գործողություններով չարամտորեն խուսափել է երեխաներին ապրուստի միջոցներ վճարելուց:
Քրեական գործ է հարուցվել 173 հոդվածի հատկանիշներով (ծնողի կողմից երեխային կամ 18 տարին լրացած անաշխատունակ զավակին դատարանի վճռով ապրուստի միջոցներ վճարելուց երեք ամսից ավելի չարամտորեն խուսափելը): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 100-200-պատիկի չափով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 12-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























