Վրաստանում երկիշխանության մթնոլորտ այժմ կարծես թե չկա, եւ մենք «Վրացական երազանքից» ակնկալում ենք բոլոր նախընտրական խոստումների իրագործում, քանի որ դրա համար այլեւս խոչընդոտներ չկան: Այս մասին նոյեմբերի 16-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության նախագահ Տաճատ Վարդապետյանը:

Նրա համոզմամբ՝ Վրաստանում նախագահական ընտրություններն իրենց թափանցիկությամբ ժողովրդավարական պահանջների շրջանակում էին: «Վրաստանի նորընտիր նախագա Գեորգի Մարգվելաշվիլին նոյեմբերի 17-ին կստանձնի լիազորությունները:

Վաղը նորընտիր նախագահի երդմնակալությանը մասնակցելու համար Թբիլիսի կժամանի հայկական պատվիրակությունը՝ արտգործնախարարի գլխավորությամբ», -  նշել է Տաճատ Վարդապետյանը՝ ընդգծելով, որ վերջերս արտգործնախարարը կարծիք էր հայտնել, թե անհրաժեշտ է վերանայել երկքաղաքացիության հարցը, քանի որ լուրջ խոչընդոտներ են ծագում Վրաստանում երկքաղաքացիություն չլինելու պատճառով:

«Թեեւ Գեորգի Մարգվելաշվիլին վրաց հասարակությանն այնքան էլ հայտնի չէր որպես քաղաքական գործիչ, մեզ համար նա նախընտրելի թեկնածու էր», - նշել է  Տաճատ Վարդապետյանը: Նա նաեւ տեսակետ է հայտնել, որ Բիձինա Իվանիշվիլին հազիվ թե հեռանա քաղաքականությունից:

«Նա անպայման կղեկավարի իր թիմի քաղաքական գործընթացները», - նշել է պատգամավորը:

Նշենք, Վրաստանի նախագահական ընտրություններն անցկացվել էին ընթացիկ տարվա հոկտեմբերի 27-ին: Պետության ղեկավար ընտրվել էր իշխող  «Վրացական երազանքի» թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին: