Ադրբեջանը շարունակում է ձախողել ԼՂ բանակցային գործընթացը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի Վազաշեն գյուղի ուղղությամբ ճանապարհով ընթացող քաղաքացիական մեքենաների գնդակոծությանը:
«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպումից հաշված օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացում սահմանապահ բնակավայրի ուղղությամբ՝ քանիցս խախտելով հրադադարի ռեժիմը եւ համառորեն մերժելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված կոչերն ու շարունակական ջանքերը»,- նշել է նա:
Շարմազանովն ընդգծել է՝ սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը շարունակում է ձախողել ԼՂ բանակցային գործընթացը: «Ադրբեջանական զինված ուժերի կողմից տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը խարխլող այսօրինակ գործողությունները, ի վերջո, պետք է խստիվ դատապարտվեն համանախագահ երկրների եւ միջազգային հանրության կողմից»,-նշել է ԱԺ փոխնախագահը:





























