«Կազան» միջազգային օդանավակայանում Boeing 737-ի ընկնելու հետ կապված հետաձգվել կամ չեղյալ է հայտարարվել 53 չվերթ:

Նոյեմբերի 17-ի ժ. 19.30-ից մինչեւ նոյեմբերի 18-ի ժ. 12.00-ն օդանավակայանի ծրագրում նշված էր 53 չվերթ՝ 26 ժամանում, 27 թռիչք: 18 չվերթ չեղյալ է հայտարարվել (9 ժամանում, 9 թռիչք), «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են օդանավակայանից:

Չվերթների մի մասն իրականացվում է «Բեգիշեւո» օդանավակայանից (Նիժնեկամսկ): Արդեն «Բեգիշեւո» է ժամանել չորս չվերթ (երեքը` Մոսկվայից, մեկը` Սոչիից), երկու չվերթ էլ մեկնել է Մոսկվա: Նախատեսվում է երկու չվերթի ժամանում Նիժնեկամսկ  (Ուֆայից եւ Սուրգուտ-Ուֆայից) եւ երեք թռիչք (Նիժնի Նովգորոդ, Մոսկվա եւ Ուֆա-Սուրգուտ):

Մյուս չվերթները հետաձգվել են, դրանք նախատեսվում է իրականացնել «Կազան» օդանավակայանից` դրա բացվելուց հետո: