Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 18-ին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կազանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Հանրապետության նախագահը խորին ցավակցություն է հայտնել «Թաթարստան» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի ուղեւորների մահվան կապակցությամբ եւ խնդրել վշտակցության ու զորակցության անկեղծ խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին եւ մտերիմներին:
NEWS.am-ն ավելի վա հայտնել էր, որ նոյեմբերի 17-ին «Թաթարստան» ավիաընկերության Մոսկվայի Դոմոդեդովոյից մեկնած Boeing 737 ուղեւորատար օդանավը վթարի էր ենթարկվել Կազանի օդանավակայանում վայրէջք կատարելիս: Նախնական վարկածը անձնակազմի սխալն է:
Վայրէջքի ժամանակ օդանավը փորձել էր երկրորդ պտույտ կատարել, սակայն կորցրել էր բարձրությունը եւ բախվել գետնին: Այն բռնկվել էր, եւ բենզոբաքերում վառելիքը պայթել էր:
Ավիավթարի հետեւանքով զոհվել են ինքնաթիռի անձնակազմի 6 անդամներ եւ 44 ուղեւորներ:
Զոհերից մեկը Թաթարստանի նախագահի որդի Իրեկ Մինիխանովն է:





























