ԿամԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունիյանի ընտանիքը հույս ունի, որ քննիչը համապատսխան պատիժ կկրի նրան կանացի խալաթով դատարան տանելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը:
Նա նշեց, որ դեռեւս այն ժամանակ, երբ աղմուկ էր բարձրացվել հորը խալաթով դատարան տանելու համար, խոսվում էր, որ պետք է անպայման դատարան դիմել: Քննության ընթացքում փաստաբանը, ընտանիքի հետ կապ պահպանելով եւ խորհրդակցելով, դիմել է դատարան: «Ամեն ինչ պետք է արվի, որ քննիչը պատիժը կկրի: Հույս ունենք, որ նա պատիժը կկրի»,- ասաց Հրաչյա Հարությունյանի դուստրը:
Նա նաեւ նշեց, որ փաստաբանի հետ զրուցել են, հայրը լավ է, սպասում են դեկտեմբերի 14-ին կայանալիք դատական նիստին:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Մերձմոսկվայում Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը, որը լի է եղել մանրաքարով, բախվել է ուղեւորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել է 18 մարդ: Ինքը Հարությունյանը հրաշքով է ողջ մնացել:
Հարությունյանը լիովին խոստովանել է իր մեղքը եւ համաձայնել, որ սխալ որոշում է կայացրել ու խախտել երթեւեկության կանոնները՝ փորձելով կանգնեցնել մեծ թափ հավաքած ավտոմեքենան, որի արգելակներն անսարք են եղել:
Հրաչյա Հարությունիյանի փաստաբան Մոսկվայի Տվերսկոյ դատարանում բողոք է ներկայացրել քննիչի գործողությունների դեմ, քանի որ նա իր աշտպանյալին դատարան էր ներկայացրել միայն մի խալաթով:





























