«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հոկտեմբերի 29-ին ավազակային հարձակում գործելու մեջ մեղադրվող անչափահասներն այժմ ազատության մեջ են: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ  Արմեն Հ-ին, Անդրանիկ Ն-ին եւ Ռուբեն Մ-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի (գողություն) եւ 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (գողության փորձ), նրանք գրավով ազատ են արձակվել:

Իսկ Հակոբ Ա-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին, նրան եւս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ գիշերը ժամը 4-ի սահմաններում երեք անհայտ անձ՝ դիմակավորված եւ գազային ատրճանակով, ներխուժել էին դպրոց, թերեւս գողություն անելու նպատակով: Վրա է հասել դպրոցի պահակը, նրանց հետ վիճաբանության մեջ մտել, աղմուկ բարձրացրել, ինչից հետո ներխուժողները փախուստի էին դիմել: Ոստիկանության ՔՀԳ եւ Երեւան քաղաքի վարչությունների ու Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել 1998 թ. ծնված Արմեն Հ.-ին, 1996 թ. ծնված Անդրանիկ Ն.-ին, 1997 թ. ծնված Հակոբ Ա.-ին եւ 1996 թ. ծնված Ռուբեն Մ.-ին: