ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհուրդը նոյեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում կքննարկի ազատ առեւտրի գոտու պայմանագրի իրականացումը համագործակցության շրջանակում, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական եւ հումանիտար համագործակցության ընթացիկ խնդիրները:

Մասնակիցները պետք է հասկանան, թե իրենց ինչ իրական օգուտ կբերի ազատ առեւտրի գոտի ստեղծելու  մասին գործող պայմանագիրն ԱՊՀ շրջանակում, եւ հնարավոր է, կկողմնորոշվեն` ինչ անել նրանց հետ, ով այդ օգուտը բավարար չի գնահատում:

Նիստի օրակարգն առեւտրային հարցերով չի սահմանափակվելու: Հանդիպման մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ ԱՊՀ երկրների սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ հարցերը: Օրակարգում ներառված է 27 հարց, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Նախատեսվում է համաձայնագիր ստորագրել ազգային տնտեսական սուբյեկտների ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ:

Կառավարությունների ղեկավարները փոփոխություններ կմտցնեն նաեւ  գործող միջկառավարական համաձայնագրում:

Հարցերի մի առանձին հատված նվիրված է լինելու էներգետիկ ոլորտում համագործակցությանը:

Օրակարգի հումանիտար հարցերի շարքում են ԱՊՀ-ում զբոսաշրջության զարգացման  մինչեւ 2020թ. համատեղ ռազմավարությունը, Միջազգային երիտասարդական համագործակցության ռազմավարության իրականացման միջոցառումների 2014-2015թթ. ծրագիրը, 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 70-ամյակին նախապատրաստվելու ծրագիրը: 

Նշենք, որ նիստին կմասնակցի նաեւ հայկական պատվիրակությունը` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: